Ս. ՍՏԵՓԱՆՈՍԻ ՏՕՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ

Յունուարի 8-ին, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը նշեց Ս. Ստեփանոսի տօնը, որը համարւում է Ս. Աթոռի եւ Սուրբ Տեղեաց մէջ ծառայող սարկաւագների եւ ուրարակիրների տօնը:
Այս տօնի առթիւ Ս. Աթոռի սարկաւագները եւ ուրարակիրները ընտրում են Միաբան Հայրերից երկու սարկաւագապետներ, որոնք առաջնորդում են նրանց եւ կատարում երեկոյեան ու առաւօտեան ժամերգութիւնների սարկաւագի բաժինը: Այս տարի սարկաւագապետներ էին ընտրուել Հոգշ. Տ. Գեւորգ Աբղ. Հայրապետեանը եւ Հոգշ. Տ. Ներսէհ Աբղ. Ալոյեանը:
Այս տօնի առթիւ սարկաւագները եւ ուրարակիրները առաւօտեան ժամերգութեան ընթացքում սաղաւարտներով եւ բուրվառներով կատարում են Երուսաղէմին յատուկ Սարկաւագաց Հանդէս: Տօնի երեկոյեան, ի պատիւ սարկաւագների, Ժառանգաւորաց Վարժարանում տրւում է միաբանական ընթրիք:

Uncategorized @hy